Հոնկոնգի համալսարանի (HKU) հետազոտողների եւ ուսանողների խումբը Հայաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել է հսկայական տարաներ, կենդանիների ոսկորներ եւ ամրոցի պատեր, որոնք ավելի քան 3000 տարեկան են։

Հնագիտական նախագիծը (the Ararat Plain Southeast Archaeological Project) իրականացվել է 2019-ի ամռանը, ասվում է համալսարանի կայքում։ APSAP-ը համատեղ հետազոտական նախագիծ է HKU-ի եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջեւ։ Դոկտոր Փիթեր Ջ.Կոբը նախագիծը ղեկավարել է Արթուր Պետրոսյանի եւ Բորիս Գասպարյանի հետ համագործակցությամբ։

Նախագիծը, որը նախատեսված է հինգ տարվա համար, հետազոտում է Վեդիի տարածքը։ Հիմնական ուշադրությունը հատկացվել է խոշոր պեղումներին Վեդիի ամրոցի կողքին։ Այստեղ պահպանվել են հսկայական ամրոցի պատեր՝ մինչեւ չորս մետր բարձրությամբ։ Դրանք ուղղանկյուն պաշտպանական աշտարակի մնացորդներ են։ Ամրոցի պատերի երկու շարասյուները պաշտպանել են ամրոցի ներսակողմը։ Պատերը ուշ բրոնզե եւ երկաթի դարերին են պատկանում՝ մ.թ.ա. 1500-500 թվականներին։ Տեղանքը մի քանի անգամ է օգտագործվել, այդ թվում միջնադարում, 800 տարի առաջ։

Հետազոտական խումբը երեք խրամատ է փորել, որտեղ գտնվել են հսկայական տարաներ, շենքերի պատեր եւ զանազան հետաքրքիր նմուշներ, ներառյալ կենդանիների ոսկորներ սննդի մնացորդներում։