Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային մտահոգությունների ողջ թնջուկը ակնհայտ են դարձնում հանքարդյունաբերության ասպարեզում պետական քաղաքականության խոցելիությունը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Վարչապետ Փաշինյանի կոչը՝ ապաշրջափակելու հանքավայրը եւ դրան անմիջաբար հաջորդած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կոշտ պատասխանը Հայաստանում իշխանության եւ հանրության միջեւ լարվածության դաշտ են ստեղծում, որից պետք է հնարավորինս արագ ձերբազատվել:

«Ժառանգությունը» վերստին պնդում է, որ անհրաժեշտ է սկսել հանրային-քաղաքական անաչառ քննարկումների շրջան, որի ընթացքում կառավարության անդամների, մասնագետների, քաղաքական ուժերի եւ հասարակական վստահություն ունեցող իրազեկ գործիչների հետ կճշգրտվեն հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները, կթիրախավորվեն նախորդ իշխանությունների օրոք այս բնագավառում թույլ տված սխալներն ու բացթողումները, եւ կգտնվեն փոխադարձ ընդունելի, հավասարակշռված  որոշումներ:

«Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճալի ազգաշահ կարգավորման հիմքում պետք է ընկած լինի պետական մասնակցության դերի աստիճանական մեծացումը հանքերի եւ բնական պաշարների կառավարման ոլորտում: Անթույլատրելի է հանքերի եւ էներգետիկ ռեսուրսների 100 տոկոս սեփականաշնորհումը տարբեր ընկերությունների, որն անխուսափելիորեն հանգեցրել է ու առաջիկայում էլ հանգեցնելու է Հայաստանի պետական շահի եւ քաղաքացիների սահմանադրական իրավունքների անտեսման:

Այս խնդրի հետ կապված հավատարիմ մնալով մեր որդեգրած մոտեցմանը՝ կոչ ենք անում գործող իշխանություններին  վերանայել այս ոլորտում ստեղծված մտահոգիչ իրավիճակը, իրավական-օրենսդրական ճանապարհով գնալ պետության՝ հանքարդյունաբերական, էներգետիկ ոլորտի ձեռնարկություններում ունեցած բաժնեմասի մեծացմանը, որը թույլ կտա  մասնակցել որոշումների կայացմանը՝ պաշտպանելով մեր ազգային պետական շահերը, իսկ հնարավորության դեպքում ձեռք բերել արգելափակող փաթեթ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ 10-25% պետական բաժնեմասի առկայության պարագայում հնարավոր է համակշռել բոլորի շահեր: