Ամուլսարի շահագործմանը կողմ, թե դեմ լինելը շատ կտրուկ ձեւակերպում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով իր եւ խմբակցության դիրքորոշմանը Ամուլսարի շահագործման հարցում։

«Վարչապետը Ամուլսարի վերաբերյալ հայտարարություն արել է խմբակցության հետ երկար քննարկումներից հետո։ Կողմ եմ, թե ոչ շահագործմանը, կարծում եմ՝ շատ կտրուկ ձեւակերպում է։ Կողմ ենք, որպեսզի հարցը կարգավորվի բացառապես օրինական ճանապարհով, որովհետեւ բոլորիս նպատակը իրավական երկրի կայացումն է»,- ասաց նա։

Բնապահպանական ռիսկերը, ըստ պատգամավորի, միֆական կամ գոնե խոսակցության մակարդակում են, եւ պետք է հնարավորություն տրվի վերստուգելու այդ տեղեկությունները․ «Բնապահպանական հավանական կամ անհավանական ռիսկերը բոլորիս էլ անհանգստացնում են, դրա համար էլ այս պահին դեռեւս քննարկումներ են, եւ եթե ճանապարհները բացվեն, պետք է հետազոտությունները շարունակվեն, որովհետեւ այդ ռիսկերը միֆական կամ գոնե խոսակցության մակարդակում են, որ վերագրվում են նախորդ ՇՄԱԳ-ին, այդ թվում «Էլարդի» կողմից, որը տեղի է ունեցել փաստաթղթերի ուսումնասիրությունների հիման վրա եւ դեռեւս նյութականացված հիմք չունի։ Դրա համար ինչպես որ վարչապետը պայմանավորվել է թե՛ շահագործող ընկերության հետ, թե՛ հանրության հետ, պետք է հնարավորություն տրվի բնապահպանության տեսչական մարմնին վերստուգելու այդ ինֆորմացիան, եւ ըստ այդ ինֆորմացիայի՝ կայացվի որոշում»։

Թագուհի Ղազարյանի կարծիքով՝ տեսչական մարմինը Ամուլսար պետք է մտնի «Լիդիանի» հետ միաժամանակ, հետեւաբար արգելելով վերջինիս մուտքը՝ խոչընդոտվում են նաեւ կրկնակի ստուգումները․ «Կա տնտեսվարող, որը գործունեություն է ծավալում, եւ կա Հայաստանի Հանրապետություն, որը պետք է ապահովի նրա ազատ տնտեսվարման իրավունքը, եւ կան կասկածներ, որ տնտեսվարողը իր որոշակի պարտավորություններ կամ լավ չի կատարում, կամ խնդիրներ ունի, որի շուրջ ապացույցներ ձեռք բերող մարմինը բնապահպանական տեսչական մարմինն է։ Ճանապարհը փակված մնալու արդյունքում այդ գործողությունները իրականացնել հնարավոր չէ, քանի որ «Լիդիանի» եւ տեսչական մարմնի մուտքը միաժամանակ պետք է տեղի ունենա։ Եթե մենք չունենանք իրավական բազա, մենք չենք կարողանա հետագա քննարկումները շարունակել։ Այդ դեպքում արդեն անօրինական եւ կամայական կլինի որոշումը, թե ինչ անել։ Հետեւաբար պետք է փորձել լուծել հարցը ջերմուկցիների եւ Ամուլսարի «պոստերում» գտնվող մարդկանց հետ երկխոսության միջոցով, որովհետեւ այստեղ վստահության կարեւոր հարցը կա՝ մի՞թե մարդիկ մտածում են, որ կառավարությունը փորձում է խաբել ու մտնել՝ հանքը աշխատեցնել։ Բնականաբար այդպես չէ»։

Պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, որ Ամուլսարի շրջափակման հետեւանքով հանգում ենք էսկալացիոն իրավիճակի։