Ամուլսարի շահագործման ռիսկերը, որ կարող են առաջանալ ամբողջ հանրապետության համար, ռիսկի տակ են դնում ՀՀ քաղաքացու անվտանգությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամոզե՞ց իրեն, որ Ամուլսարի շահագործումն արգելելու փաստարկներ չկան, Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Ոչ թե չհամոզեց, այլ վարչապետն ասում է, որ պետք է Շրջակա միջավայրի նախարարւթյան եզրակացությունը լինի: Ես անձամբ սպասում եմ այդ եզրակացությանը: Դեռ վաղաժամ է կարծիք հայտնել: Չէր կարող վարչապետը համոզել, որովհետեւ ինքն էլ նշեց, որ դեռ այս պահին հանձնարարականի պատասխանն իր ձեռքում չկա»:

Իսկ եթե այդուհանդերձ, որոշում կայացվի շահագործել հանքը, ինքն ի՞նչ կանի, վայր կդնի՞ մանդատը, պատգամավորը պատասխանեց. «Եթե հարցը տալիս եք այն տեսանկյունից, որ Ամուլսարն այնքան կարեւոր չէ, որ ես մանդատը դնեմ, ապա ցանկացած խնդիր, որը վտանգում է երկիրը, ինձ համար չափազանց կարեւոր է: Բայց հարցի լուծումը չեմ տեսնում մանդատը վայր դնելով: Ես մանդատը չեմ վերցրել մեկ հարցի համար, այդ հարցն էր առաքելությունը, որը պետք է լուծվի կամ չլուծվի, ու ես թողնեմ դուրս գամ: Մեր երկրում կան խնդիրներ, որոնցից ես չեմ կարող հեռանալ»:

Դիտարկմանը, թե ո՞ւմ կողմը կկանգնի, եթե բախումներ լինեն, Հովսեփյանը նշեց. «Ոչ թե դեմ եւ կողմ, այլ լինելու եմ երկուսի մեջտեղում: Ինձ համար թե ոստիկանն է ՀՀ քաղաքացի, թե պայքարող մարդիկ, ում հետ նաեւ ես եմ պայքարը սկսել: Կարող է իմ գնալու կարիքն ընդհանրապես չլինի, որովհետեւ որեւէ ճնշում չի լինի քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ:

Ջերմուկցիներն իրենք կորոշեն, թե ինչպես են իրենց պայքարը շարունակելու. դեպքերի զարգացումները կարող են բազմաթիվ լինել: Հիմա հնարավոր չէ կանխատեսում անել, հնարավոր է՝ ընդհանրապես զարգացումներ չլինեն»: