Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հիմքեր այս պահին չկան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությանը, որի մասին հայտարարել էր «Սասնա ծռեր» կուսակցության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը։

«Քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք այսօր խորհրդարանից դուրս են, հենց խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվանից չեն բացառում մոտալուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ես համարում եմ սա բնականոն և համարում եմ, որ դա իրենց դատողություններն ու սպասումներն են»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը՝ հավելելով, որ ընտրություններից հենց հաջորդ օրը, երբ դեռ իրենք մանդատները չէին ստացել, կային քաղաքական գործիչներ, որոնք ասում էին, որ այս խորհրդարանը 1 ամսվա կյանք է ունենալու:

Այդուհանդերձ, «Իմ քայլի» պատգամավորը նորման է համարում, որ «Սասնա ռրեի» անդամները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Պարոն  Փաշինյանի գործողությունն օրինաչափ ու տրամաբանական է, որ պետք է հանդիպել այլ ուժերի հետ, թեկուզ, եթե ընդդիմադիր դաշտում է։ Եթե դրսում է գտնվում այդ քաղաքական ուժը, ոչ թե պետք է անտեսվի, այլ՝ ինչու ոչ, պետք է մեկ սեղանի շուրջ քննարկեն միասին, քանի որ հարցեր կարող են լինել, որոնք միմյանց հետ պետք է հստակեցնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատերը պնդում են, որ «Սասնա ծռերի» խղճին է երեք ոստիկանի սպանությունը եւ դա հաշվի առնելով վարչապետը չպետք է հանդիպեր նրանց հետ, Հովսեփյանն ասաց. «Այո, «Սասնա ծռերը» այն ուժն է, որը փորձեց ապստամբել այն բարքերի ու խնդիրների դեմ, որ ինքն էլ չէր կարող տանել: Հարց է, թե ես որքանով էի համամիտ իրենց գործողություններին, ես ի սկզբանե դեմ եմ եղել զենքի ճանապարհով հարցերի լուծմանը, միգուցե իրենք այլեւս այլ ճանապարհ չեն տեսել, դրա համար են գնացել այդ ճանապարհով: Ես այստեղ դատելու իրավունք չունեմ: Սա բացարձակ արդարադատության ոլորտում է, եւ ես վստահ եմ, որ ոչ իրենք կուզենային, որ այդ ամենի արդյունքում լինեին մահեր, ոչ էլ բնական է, ես կուզենայի»: