Ներկայում Հայաստանում դատապարտվել եւ պատիժ է կրում 144 օտարերկրացի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։

Նա նշել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, նույնպես այն դիրքորոշման կողմնակիցներ են, որ ցանկացած երկիր պետք է հնարավորություն ունենա վտարելու օտարերկրյա քաղաքացիներին անմիջապես այն բանից հետո, երբ կատարած հանցագործության՝ նրա համար սահմանված պատժաժամկետն ավարտվել է։

Դա, ըստ փոխնախարարի, արվում է երկրի տարածքում բացառապես հանցագործությունների կանխարգելման եւ դրանց կրկնակի կատարումը թույլ չտալու նպատակներով։

«Այս փոփոխությունների վերջնանպատակը ազգային անվտանգության ապահովումն է եւ հետագայում տարբեր հանցագործությունները չթույլատրելը»,- ասել է Գրիգորյանը։