Մենք ակնկալում էինք, որ երկրի ղեկավարությունը կդրսեւորի խոհեմ մոտեցում, մասնավորապես, կառաջնորդվի նախնական ազատ եւ կոմպետենտ սոցիալական համաձայնության սկզբունքով, ինչը, ցավոք, տեղի չունեցավ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցին։

«Նախնական ազատ եւ կոմպետենտ սոցիալական համաձայնությունը առաջին հերթին ենթադրում է, որ բնակիչներին պետք էր ներկայացնել այդ խնդիրը, քննարկել եւ ստանալ նրանց համաձայնությունը, ազատ՝ առանց ճնշումների եւ մանիպուլյացիների, կոմպտեմտ՝ այսինքն ամբողջ տեղեկությունը, որ կապված է հանքի շահագործման եւ դրա հետ առնչվող ռիսկերի հետ, պետք է լիներ հրապարակային եւ հասկանալի ժողովրդի լայն շերտերի համար»,–նշեց նա։

Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ «ներկայիս վարչախմբի ղեկավարի վերջին հայտարարությունը վկայում է այն մասին, որ երկրի ղեկին կագնած իշխող ուժը, ցավոք, այսօր ուղղակի դեմ է գնում ժողովրդի շահերին ու անվտանգությանը՝ ելնելով ինչ–ինչ քաղաքական նկատառումներից». «Իրավագիտակից ժողովուրդը եւ իշխող խմբավորումը հայտնվել են տարբեր բեւեռներում, եւ իշխող խմբակցությունը փորձում է ամեն կերպ իրականացնել աշխարհաքաղաքական այդ պատվերը եւ եղել է նրանց իշխանության գալու մի մասը»։

Նա պնդում է՝ հանքի շահագործումը կարող է անդառնալի փոփոխությունների բերել շրջակա միջավայրի համար, «այդ թվում՝ մեր ֆաունայի ներկայացուցիչների բազմազանության փոփոխությանը, ինչպիսիք են օրինակ բեզոարյան այծը, որը կարմիր գրքում գրանցված էնդեմիկ տեսակներից է։ Հաշվի է առնվում տնտեսական շահը, սակայն հաշվի չի առնվում մարդկանց առողջությունը»։

Հիշեցնենք, որ ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար, սակայն բնապահպանները տեւական ժամանակ թակ էին պահում դեպի Ամուլսար ճանապարհները:

Կառավարությունը Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության համար 2019-ին դիմել էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնելով 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունից հայտարարում էին, որ միայն այս եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։ Փորձագիտական եզրակացության մեջ նշված էր, որ ռիսկերը կառավարելի են, եթե պատշաճ մոնիտորինգ իրականացվի։ Նշենք, որ բնապահպանները դեմ են Ամուլսարի շահագործմանը եւ պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Վերջերս կայացած Skype-կոնֆերանսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն, ուստի Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տար մինչեւ սեպտեմբերի 4-ը, սակայն վարչապետն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից հայտարարեց, որ օրենսդրական բաց կա եւ անմիջապես չեն կարող գնահտաել նոր ՇՄԱԳ անհրաժեշտ է, թե ոչ: Վարչապետը ջերմուկցիներին հորդորեց ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները՝ թույլ տալով «Լիդիան»-ին շինարարական աշխատանքներ իրականացնել, սակայն ջերմուկցիները հայտարարում են, որ չեն պատրաստվում բացել ճանապարհները։