Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, Կալինինգրադի շինարարական հրապարակներից մեկում հայտնաբերել են այրված զուգարան, որի մեջ բարձր ջերմաստիճանի ազդեցության նշաններով մարդու դիակ է եղել, փոխանցում է Vesti-ն: 

Համապատասխան հաղորդում են ստացել տեղի իրավապահ մարմինները: Բիոզուգարանը հայտնաբերել են Պավլիկ Մորոզովի փողոցում գտնվող շինհրապարակներից մեկում:

Կալինինգրադի մարզի Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի վայրի իրադրությունը վկայում է զոհվածի մահվան բռնի բնույթի մասին: Նախնական վարկածով՝ բիոզուգարանն այրել են չարագործները:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը, քրեագետ-հետաքննիչները, դատաբժշկական փորձագետը եւ ոստիկանության աշխատակիցներ: Մահացած մարդու անձը դեռեւս չի պարզվել:

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցակազմով: Անցկացվում են համալիր քննչական գործողություններ, որոնք կօգնեն պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: