Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետություններում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Ռուսաստան) աշխատանքի որոնման միասնական համակարգի նախագծին: 

«Նախագծի հիմնական գաղափարը որոնման համակարգի ստեղծումն է, որը ցանկացած քաղաքացու կամ գործատուի թույլ կտա թափուր աշխատատեղեր կամ ռեզյումեներ որոնել ԵԱՏՄ բոլոր երկրներում: Նախագիծը ծրագրվում է իրականացնել մինչեւ 2020թ. վերջ»,- հայտնում է ԵՏՀ-ն:

Նախագծի իրականացման համար ներգրավվել են ԵԱՏՄ 5 երկրների ազգային հարթակներ: Որոնողական համակարգը թույլ կտա հասանելիություն ստանալ ազատ աշխատատեղերի եւ աշխատանք փնտրողների մասին տեղեկություններին:

«Արդյունքում համակարգից օգտվողներին՝ աշխատանք փնտրողներին եւ գործատուներին, հնարավորություն կտրվի ընտրել միության մեկ կամ մի քանի երկիր, որոնց տարածքներում անհրաժեշտ է աշխատանք փնտրել կամ անձնակազմ հավաքել, ձեւավորել ազգային տեղեկատվական համակարգերի ունիվերսալ որոնողական հարցում, հասանելիություն ստանալ աշխատատեղերի եւ ռեզյումեների մասին ինֆորմացիային, ինչպես նաեւ ինտերակտիվ փոխգործակցության հնարավորություն ստանալ»,- հստակեցնում է ԵՏՀ-ն:   

Համակարգը կօգնի ընդհանուր աշխատաշուկա ստեղծել, արագացնել աշխատուժի ազատ տեղաշարժի ընթացակարգը: Նախնական հաշվարկների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում դիմումների թիվը կկազմի առնվազն 1 մլն, իսկ աշխատատեղերի եւ գործատուների կողմից հրավերների մասին արձագանքների թիվը՝ համապատասխանաբար առնվազն 100 հազար եւ առնվազն 10 հազար: