@golden_pricetag ակաունտի հեղինակը Instagram-ում գտել է ծառայության հարուստ օգտատերերի հաշվին վաստակելու միջոցը: The Daily Dot-ը հայտնում է, որ նա ցանկացած օգտատիրոջ առաջարկում է իր էջում հրապարակվել մի պայմանով:

Լուսանկարը @golden_pricetag ակաունտում հրապարակելու համար անհրաժեշտ է վճարել հազար դոլարից ոչ պակաս եւ մեկ միլիոն դոլարից ոչ ավելի: Ցանկացողները կարող են ավելացնել նաեւ իրենց ստորագրությունը եւ անձնական ակաունտին հղումը: Ընդ որում՝ պատկերին հավելվում է Golden Price Tag անվանումով պիտակ:

Առայժմ հրապարակվել է 5 լուսանկար: Ակաունտի կայքում կարելի է տեսնել, թե յուրաքանչյուրը որքան է վճարել էջում հայտնվելու համար: Ամենամեծ գումարն առայժմ թողել է Էմանուել անունով տղան: Rolls-Royce-ի ղեկին նստած լուսանկարը հրապարակելու համար նա վճարել է 3 հազար դոլար:

Աղջիկներից մեկը՝ Կատյա Քլեյները, որն իր ակաունտում նշել է, թե ծագումով Ռուսաստանից է, տվել է 2,5 հազար դոլար գրառման համար: Կայքի տվյալներից դատելով՝ Golden Price Tag-ի հեղինակն արդեն վաստակել է 8,5 հազար դոլար գումար: Ներկայումս ակաունտին բաժանորդագրված է 3,8 հազար մարդուց ավելի: Պարբերականի կարծիքով՝ Instagram-ը դժվար թե ակաունտը հեռացնի, քանի որ այն չի խախտում ծառայության կանոնները: