ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի նկատմամբ կրկնակի հետախուզում է հայտարարվել եւ երկրորդ անգամ կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, ինչը հայաստանյան իրավակիրառ պրակտիկայում աննախադեպ երեւույթ է։

Բանն այն է, որ ՀՔԾ–ում դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, նրա նկատմամբ արդեն իսկ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել։

Իսկ արդեն այսօր՝ սեպտեմբերի 11–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է անդրադառնա Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների գործով Լեւոն Սարգսյանին կալանավորելու Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությանը։

NEWS.am–ի հետ զրույցում Լեւոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ չի հիշում դեպք, երբ անձի նկատմամբ, ում վերաբերյալ մեկ այլ գործով արդեն իսկ կալանավորման որոշում է կայացվել, վերստին կալանքի միջնորդություն ներկայացվի եւ նրա նկատմամբ կրկին հետախուզում հայտարարվի։

Փաստաբանը հայտնեց, որ այս հարցը կվիճարկի դատարանում, քանի որ դա հակասում է  անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու օրենքով սահմանված նպատակներին։   

Ամրամ Մակինյանը նաեւ տեղեկացրեց, որ հետախուզման մեջ գտնվող իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ այն որեւէ աղերս չունի օրենքի հետ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում  Լևոն Սարգսյանը և «Պոլիտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն եւ Գեւորգ Վարդանյանները որպես մեղադրյալ են ներգրավվել։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (Հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ որոշում կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Սարգսյանի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նշենք, որ Սարգսյանը ՀՔԾ–ում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ։ Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները:

Հավելենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդիների մասով։