ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ Աֆղանստանի ապագայի վերաբերյալ բանակցություններում լարվածությունը կարող է թուլանալ Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, պաշտոնից հեռանալուց հետո, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրազեկ երկու աղբյուրի։

Ըստ աղբյուրների՝ Բոլթոնը թերահավատ է նախագահ Դոնալդ Թրամփի՝ թալիբների հետ երկխոսություն սկսելու նախաձեռնության հանդեպ, եւ ենթադրում էր, որ ԱՄՆ-ը կարող էր 5000 զինծառայող դուրս բերել Աֆղանստանի մոտ 14 հազարանոց խմբավորումից՝ այնտեղ թողնելով բավականաչափ ուժեր ահաբեկչությանն արդյունավետ դիմակայության համար։

«Նրանք պարզապես խիստ տարակարծիք են, եւ միայն նրանցից մեկն է ընտրյալ նախագահը»,- ասել է աղբյուրներից մեկը։

Թրամփը երեքշաբթի հանկարծ Բոլթոնին ազատել է՝ նշելով օգնականի հետ լուրջ տարաձայնությունների մասին, որը համարվում էր կոշտ արտաքին քաղաքական որոշումների գլխավոր կողմնակիցը։