Արաբական երկրները սուր քննադատության են արժանացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ով հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում կբռնակցի Հորդանան գետի Արեւմտյան ափի մի մասն ու Մեռյալ ծովի հյուսիսային հատվածը, հաղորդում է BBC-ը:

Հորդանանի Արեւմտյան ափի տարածքը, որը մեծամասամբ բնակեցված է պաղեստինցիներով, օկուպացվել է Իսրայելի կողմից 1967թ.: Նույն թվականին օկուպացվել են նաեւ Արեւելյան Երուսաղեմը, Գազան և Գոլանի բարձունքները: 1980թ. ձեւակերպվել է Արեւելյան Երուսաղեմի բռնակցումը, իսկ 1981թ.Գոլանի բարձունքները հռչակվել են հրեական պետություն մաս, սակայն աշխարհի երկրների մեծամասնությունը մինչ օրս այդ տարածքները որպես իսրայելական չի ճանաչում: 

Նեթանյահուն նախկինում եւս հայտարարել է, որ Իսրայելն անվտանգության նպատակով միշտ պահպանելու է իր ներկայությունը Հորդանանի հովտում, սակայն «բռնակցում» բառն առաջին անգամ է օգտագործել:

Իսրայելի հետ բանակցային գործընթացի հարցով պաղեստինյան հանձնաժողովի ղեկավար Սայեբ Էրիկատը հայտարարել է, որ Արեւմտյան ափի բռնակցումը «ռազմական հանցագործություն կլինի, որը կթաղի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բոլոր շանսերը»:

Արաբական պետությունների լիգան Նեթանյահուի հայտարարությունն ագրեսիա է անվանել, որը սպառնում է իրավիճակի վտանգավոր զարգացմամբ:

Հորդանանի, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի պաշտոնական անձինք եւս սուր քննադատությամբ են հանդես եկել:   

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին Նեթանյահուի ծրագիրը կոնֆլիկտի լուրջ էսկալացիա է անվանել: Նրա կարծիքով՝ Իսրայելի վարչապետի խոսքերը կարող են տարածաշրջանը մղել դեպի բռնության անդունդը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Նեթանյահուին մեղադրել է ռասիզմի մեջ եւ ասել, որ Նեթանյահուն ընտրությունների նախաշեմին անօրինական եւ ագրեսիվ հայտարարություններ է անում:

Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյա Հանան Աշրավին ասել է, որ Նեթանյահուն խարխլում է այն հիմքերը, որոնց վրա կառուցվում են երկու անկախ պետությունների ապագայի ծրագրերը:

Սաուդյան Արաբիան ԱԳ նախարարների մակարդակով Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ է հրավիրել:

Սեպտեմբերի 17-ին Իսրայելում համընդհանուր ընտրություններ կանցկացվեն: Հարցումների համաձայն՝ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» աջակենտրոն կուսակցությունն ու «Կախոլ-լավան» (թարգմանաբար՝ կապույտ-սպիտակ) կենտրոնամետ դաշինքը հավասար շանսեր ունեն:

Ամենայն հավանականությամբ, հաղթանակի համար նա ստիպված կլինի իշխող կոալիցիա ձեւավորել, եւ դրա համար պետք է ստանա աջակողմ կուսակցությունների աջակցությունը:    

Նախօրեին իր ուղերձում Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ սպասում է, թե երբ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացնելու իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղ համաձայնության իր ծրագիրը, սակայն Հորդանանի հովտում եւ Մեռյալ ծովի հյուսիսային հատվածում Իսրայելն ինքնիշխանություն կհաստատի ընտրություններից անմիջապես հետո: