Ոստիկանները պաշարել են ԱԺ պուրակի մուտքը, որտեղից պետք է սկսվի երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ակցիան պետք է սկսվեր ժամը 18:30-ին, սակայն այժմ արդեն պարզ է, որ Ամուլսարի պաշտպանները, ակտիվիստներն ու բնապահպանները հազիվ թե կարողանան պուրակ մուտք գործել:

Պուրակում մեծ թվով ոստիկաններ են հավաքված:

Երթի մասնակիցները մտադիր են անցնել Բաղրամյան-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցով փորձագետների եւ հանրության կարծիքը տարբերվում է: Մի մասը՝ երկրի ղեկավարության գլխավորությամբ, կարծում է, որ պետք է «Լիդիան» ընկերությանը թույլ տալ մշակել հանքը՝ նախկին իշխանությունների կողմից տրված լիցենզիայի համաձայն: Մյուս մասը, առաջին հերթին Ջերմուկի բնակիչները, որոնք ապրում են այդ հանքին մոտ, դեմ են հանքի շահագործմանը: Բնապահպանները կարծում են, որ հանքի մշակումը պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի բոլոր գետերի եւ Սեւանա լճի համար, եւ ուղիղ վնաս է հասցնում Ջերմուկին: Բացի այդ, կան բազմաթիվ տվյալներ այն մասին, որ հանքում ոսկին չնչին մաս է կազմում: Իսկ սովետական տարիներին անցկացված հետազոտության համաձայն՝ հանքում ոչ թե ոսկի, այլ ուրան է հայտնաբերվել (https://news.am/arm/news/529471.html):