Ի պաշտպանություն Ամուլսարի ակցիայի մասնակիցները մասնակիորեն փակել են Երեւանի կենտրոնի երթեւեկությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երթը սկսվել է ԱԺ պուրակից, ակցիայի մասնակիցները շարժվում են Բաղրամյան-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով:   

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցով փորձագետների եւ հանրության կարծիքը տարբերվում է: Մի մասը՝ երկրի ղեկավարության գլխավորությամբ, կարծում է, որ պետք է «Լիդիան» ընկերությանը թույլ տալ մշակել հանքը՝ նախկին իշխանությունների կողմից տրված լիցենզիայի համաձայն: Մյուս մասը, առաջին հերթին Ջերմուկի բնակիչները, որոնք ապրում են այդ հանքին մոտ, դեմ են հանքի շահագործմանը: Բնապահպանները կարծում են, որ հանքի մշակումը պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի բոլոր գետերի եւ Սեւանա լճի համար, եւ ուղիղ վնաս է հասցնում Ջերմուկին: Բացի այդ, կան բազմաթիվ տվյալներ այն մասին, որ հանքում ոսկին չնչին մաս է կազմում: Իսկ սովետական տարիներին անցկացված հետազոտության համաձայն՝ հանքում ոչ թե ոսկի, այլ ուրան է հայտնաբերվել (https://news.am/arm/news/529471.html): 

«Լիդիան»-ին լիցենզիա են տվել նախորդ իշխանությունները, եւ փորձագետների մի մասը կարծում է, որ ներկայիս իշխանությունները լիցենզիան երկրի համար առանց հետեւանքների կարող են հետ կանչել, որով իշխանությունները վախեցնում են հանրությանը: