Ամուլսարի պաշտպանության Երեւանում անցկացվող ցույցի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել են իշխանությունը չարաշահելու եւ հեղափոխության արժեքներին դավաճանելու մեջ։

Հիշեցնենք, որ ցույցը մեկնարկել էր խորհրդարանի այգուց, ընդ որում՝ մասնակիցներին դիմավորել էին ոչ թե իբր ժողովրդի համար բաց դարպասները, այլ ուժեղացված ոստիկանական շարասյունը։ Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարական շենք։

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ ոչ մեծ ինքնաբուխ միտինգ, որի ժամանակ բնապահպան Անի Խաչատրյանը բազմաթիվ ներկաների անունից Նիկոլ Փաշինյանին մեղադրեց իշխանությունը չարաշահելու, հեղափոխության արժեքներին դավաճանելու եւ նախորդ իշխանությունների քաղաքականությունը շարունակելու մեջ։ Խաչատրյանը ընդգծեց, որ «Լիդիան» ընկերությունը, որին վստահվել է Ամուլսարի շահագործումը, ապատեղեկացրել է իշխանություններին, հասարակությանը եւ սեփական վարկատուներին։ Սակայն վարչապետը չի ցանկանում դա տեսնել։

«Փաշինյանը բարձր մակարդակով իրականացնում է ընկերության հովանավորչությունը։ Սա չարաշահման աղաղակող փաստ է։ Փաշինյանն ու իր կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ երկրի ողջ բնակչության հաշվին, շանտաժի ճանապարհով պետք է հարստանա ինչ-որ ընկերություն»,- հիշեցրեց ակտիվիստը։ Բնակչության մեծ մասը չի հավատում հանքավայրի անվտանգության մասին փաստարկներին, միաժամանակ ստեղծվում է կառավարության լեգիտիմության սպառնալիք՝ նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Ամուլսարի պաշտպանները բոլոր ջանքերը կներդնեն քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Բնապահպանների, ակտիվիստների եւ քաղաքացիների տարակուսանքի պատճառը «Լիդիան» ընկերությանը Ամուլսարի հանքավայրի շահագործումը թույլ տալու իշխանությունների համառ մտադրությունն է։ Փորձաքննությունն իրականացնող «Էլարդ» ընկերության մասնագետները նույնպես նշել են հնարավոր վտանգների մասին։ Փորձաքննությունն արժեցել է 400 000դոլար։

Բնապահպանները կարծում են, որ հանքավայրի մշակումն իր մեջ Հայաստանի բոլոր գետերն ու Սեւանա լիճը վարակելու պոտենցիալ սպառնալիք է պարունակում, եւ վնաս է հասցնում Ջերմուկ հանգստավայրին։ Միաժամանակ, գոյություն ունեն բազմաթիվ տվյալներ այն մասին, որ հանքավայրում ոսկին շատ աննշան մաս է կազմում։ Հակառակը, խորհրդային տարիների արշավախմբերը հանքավայրում հայտնաբերել են ոչ թե ոսկի, այլ՝ ուրան։