Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ։ Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ երթի մասնակիցների այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մեծամասնությունն ինչպես որոշի՝ այդպես է լինելու, Ջերմուկի բնակիչներն էլ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։

«Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ։ Ես ասում եմ տափակ այն քննարկմանը, որը պիտի հետեւեր։ Ես նկատի ունեի մտնենք տափակ քննարկման մեջ, թե որն է չափելի, որը՝ չէ։ Եթե ես այդպիսի քննարկում սկսեի, կլիներ տափակ քննարկում։ Դա ձեզ չէր վերաբերում կամ ձեր ասածին, այլ նրան, թե ինչպիսի՞ դիսկուրս կարող էր ձեւավորվել»,– ասաց նա։

 Դիտարկմանը, թե ինքը խուսափում է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ որեւէ հարցի պատասխանելուց՝ Միրզոյանը պատասխանեց. «Մասնակի եք ճիշտ ասում»,- եւ ավելացրեց, որ ինքը հետեւում է Ամուլսարի հարցով զարգացումներին ու մտահոգություններին. «Բազմաթիվ մտահոգությունների մի մասը, որոշակի հետազոտություն անելով, համարում եմ անտեղի, մի մասն էլ կիսում եմ։ Կան ընթացակարգեր, մի քանի պրոցեսներ պետք է անցնենք։ Այս պահից սկսած իսկապես չեմ մտնելու բովանդակային քննարկման մեջ։ Այստեղ իջնելուց առաջ ես այդպես էլ որոշել էի, որ գալու եմ այստեղ տեխնիկական հարցը լուծելու»։

Երթի մասնակիցներից մեկն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործումը խոսում է հեղափոխության գաղափարները ոտնահարելու մասին, Միրզոյանն ասաց, որ բոլորովին չի կիսում այդ կարծիքը. «Մենք ուրեմն տարբեր ձեւ ենք ընկալել հեղափոխության գաղափարները։ Սխալ պնդում եք անում»։

Միրզոյանը հայտնեց, որ իջել է ԱԺ բակ, որպեսզի լուծի տեխնիկական խնդիրները, քանի որ նախորդ երթի ժամանակ եղել է քաշքշուկ. «Ես էլ եմ այդ ճանապարհն անցել, ես կարող եմ ասել որն է ակցիան, որը չէ։ Եվ այդ հատուկ պահպանվող օբյեկտի տարածքում կարող են ակցիաներ իրականացվել ԱԺ նախագահի գիտությամբ։ Հիմա իջել եմ, որ նախորդ անգամվա քաշքշոցը այս անգամ չկրկնվի»։

Երթի մասնակիցները համաձայնվեցին Արարատ Միրզոյանի հորդորի հետ եւ նշեցին, եթե անցնեն ԱԺ-ի հատուկ սահմանված տարածքից ներս, դա կհամարվի սադրանք։

Նշենք, որ ակտիվիստները, բնապահպանները, հասարակ քաղաքացիները Ազգային ժողովի այգուց երթ են սկսել՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Հիշեցնենք, որ բնապահպանների եւ հասարակության կարծիքները Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակման հարցով բաժանվել են՝ մի մասը երկրի ղեկավարության հետ միասին պնդում է, որ անհրաժեշտ է «Լիդիանին» թույլ տալ գործարկել հանքավայրը՝ համաձայն նախկին իշխանությունների տված լիցենզիայի։ Մյուս մասը, եւ առաջին հերթին Ջերմուկի բնակիչները, որոնց անմիջական հարեւանությամբ գտնվում է հանքավայրը, դեմ են հանդես գալիս։ Բնապահպանները կարծում են, որ հանքավայրի մշակումն իր մեջ Հայաստանի բոլոր գետերն ու Սեւանա լիճը վարակելու պոտենցիալ սպառնալիք է պարունակում, եւ վնաս է հասցնում Ջերմուկ հանգստավայրին։ Միաժամանակ, գոյություն ունեն բազմաթիվ տվյալներ այն մասին, որ հանքավայրում ոսկին շատ աննշան մաս է կազմում։ Հակառակը, խորհրդային տարիների արշավախմբերը հանքավայրում հայտնաբերել են ոչ թե ոսկի, այլ՝ ուրան։