Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի օր էր, եւ գլխավոր հարցը Ամուլսարի ճակատագիրն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց իր այն թեզերը, որ ներկայացրել էր «լայվի» ժամանակ՝ Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական։

Հիմնական դիմադրությունը խորհրդարանից դուրս էր։ Այստեղ ցույց էին անում Ամուլսարի պաշտպանները։ Նախապես արդեն ոստիկանական մեծ ուժեր էին կուտակվել ու շղթա կազմելով՝ փակել էին Ազգային Ժողովի դարպասները։ Որպեսզի չկրկնվի այն, ինչ եղավ նախորդ անգամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եկավ հանդիպելու ցուցարարների հետ։ Զրույցը խաղաղ չանցավ։

Արարատ Միրզոյանի հեռանալուց հետո ԱԺ դարպասները բացվեցին։ Ցուցարաներն արդեն առանց ոստիկանական արգելքի հավաք արեցին, վարչապետի փոխված կարծիքը նրանք հայտարարեցին, որ չեն պաշտպանելու, նահանջ չի լինելու։ Խորհրդարանի բակից ցուցարարները երթ արեցին Բաղրամյան պողոտայով դեպի Մաշտոցի պողոտա, ապա Հանրապետության հրապարակ, որտեղ ավարտվեց ակցիան։

Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին ավտներկրողները։ Նրանք դժգոհում էին, որ մաքսակետը Երեւանից տեղափոխվում է Գյումրի։ Ըստ նրանց՝ եթե հազարավոր մեքենաներ ուղարկեն Գյումրի մաքսազերծման՝ այն էլ ձմռան շեմին, խցանումների ու վթարների ռիսկը շատ մեծ կլինի։  Այս թեժ պահին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը դուրս եկավ կառավարության շենքից, ցուցարաները շրջապատեցին նրա մեքենան, պաշտոնյան սակայն դուրս չեկավ՝ պատճառաբանելով, թե ուշանում է, պետք է խորհրդարան գնա։

Ավտոներկրողներին կառավարությունից խոստացան, որ վարչապետը առաջիկա ասուլիսի ժամանակ կանդրադառնա այդ խնդրին։ Նրանք հայտարարեցին, որ մինչեւ կիրակի կսպասեն, եթե որոշումը չփոխվի, կկրկնեն ակցիան՝ ընդհուպ փակելով փողոցներ։ 

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կրկին բողքի ակցիա են իրականացրել եւ նստացույց սկսել Շենգավիթի դատարանի առջեւ։ Նրանք պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:

Ցուցարարներին էր միացել նաեւ ՀՀԿ-ական Էդվարդ Շարմազանովը, նա հայտարարեց, որ այս պայքարն ունենալու է հաղթական ավարտ։

Երեկ երեկոյան 8 անց 20  6-ից 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 13 կմ հեռավորության վրա․ ցնցումները զգացվել են Երեւանում եւ 5 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Արմավիրում։ Ժամը 05:00 դրությամբ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը գրանցել է 100-ից ավելի հետցնցումներ, որոնք համեմատաբար թույլ են եղել, քան առաջին ցնցումը։ Ըստ այս տվյալների՝ ԱԻՆ-ի մասնագետները եզրակացրել են, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: ԱԻՆ-ից նաեւ հայտնել են, որ մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ։ Երկրաշարժից հետո մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Աշոցքի եւ Բավրայի դպրոցներում՝ համոզվելու, որ վնասված շինություններ չկան։ Մեկ օր այդ դպրոցներում դասեր չեն անցկացվել, վաղը դասապրոցեսը կվերսկսվի։

Գյումրում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի։ Ոստիկանությունն ահազանգը ստացել է սեպտեմբերի 10-ին ժամը 11։55-ի սահմաններում։ Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։ Դատական բժիշկը հայտնել է, որ դեմքի, աջ ձեռքի եւ աջ ոտքի շրջանում կան քերծվածքներ։ Ալեքսանդր Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր։ 

ԱՄՆ նախագահ Թրամփը Ջոն Բոլթոնին ազատել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնից։ «Տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ: Այդպիսով, խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան:»,- Twitter-ում գրել է ԱՄՆ առաջնորդը: Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պարտականությունները կկատարի Չարլզ Կապերմանը՝ հրաժարական ներկայացրած Ջոն Բոլթոնի տեղակալը։ 

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը արթնացել է վեց տարվա կոմայից։ Մի քանի օր առաջ Շումախերը տեղափոխվել էր Փարիզի հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունք։ Մրցարշավորդը պետք է սրտի հյուսվածքում ցողունային բջիջների ներդրման փորձնական վիրահատության ենթարկվեր։ Փարիզի կլինիկայից հայտնել են, որ նա գիտակցության է եկել։ 2013-ին Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք էր ստացել Ալպերում դահուկներով սահելիս։ Դրա հետեւանքով մարզիկը կոմայի մեջ էր ընկել։ 

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, կազմել է 476 դրամ, եվրոն 524 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 588, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 28 դրամ։

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 12-ին մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Երեւանում սպասվում է անձրեւ, ամպրոպ։ Առաջիկա գիշեր  մայրաքաղաքում սպասվում է +13+15, վաղը ցերեկը՝ +22+24։