Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ, հայտնում է Shamshyan.com-ը:

Օգոստոսի 30-ին ժամը 22:50-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, Վ. Հարությունյանը:

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանենիների այգու մոտ անհիմն վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի նախկին փեսան՝ նույն գյուղի բնակիչ 44-ամյա Հակոբ Ալթունյանը, դանակով հարվածել է Վ. Հարությունյանին:

Նույն օրը կարճ ժամանակում Արարատի ոստիկանները հայտնաբերել էին Հ. Ալթունյանին և բերման ենթարկել: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը: