Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալացումը չորեքշաբթի նորից գերազանցել է 1 տրլն դոլարը նոր iPhone սմարթֆոնների եւ այլ տեխնիկայի ցուցադրումից հետո։ Այս մասին վկայում են NASDAQ էլեկտրոնային բորսայի կայքում տեղադրված տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Չորեքշաբթի երեկոյան Apple-ի կապիտալացումը կազմել է 1 տրլն 10 մլրդ 443 մլն դոլար։ Ընկերության (կենտրոնատեղին՝ Կուպերտինո, Կալիֆոռնիայի նահանգ) բաժնեթղթերի արժեքը սակարկությունների ավարտին հասել է մեկ հատը 223,6 դոլարի՝ 3,18 տոկոսով բարձրանալով նախորդ օրվա ցուցանիշների համեմատ։

Անցած տարվա աշնանը Apple-ը դարձավ առաջին ամերիկյան ընկերությունը, որի շուկայական կապիտալացումը գերազանցեց 1 տրլն դոլարը։ Ավելի ուշ այն նվազեց ու վերջին ամիսներին տատանվում էր 950 մլրդ-ի սահմաններում։

Երեքշաբթի Apple-ը ներկայացրեց iPhone-ի նոր մոդելներ, iPad պլանշետ եւ Apple Watch ժամացույցներ։ 1976-ին հիմնադրված ընկերությունն արտադրում է նաեւ iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod նվագարկիչներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա։ 2018-ի սկզբին Apple-ը հայտարարեց, որ առաջիկա հինգ տարում ԱՄՆ տնտեսությունում կներդնի 350 մլրդ դոլար։