ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: Նպատակը եղել է նույնը. բնակարան կառուցելով՝ փոխել մարդկանց կյանքն ու մտածելակերպը: Գործակցող կողմերը վստահ են, որ ցանկացած աջակցություն կարող է նպաստել Գյումրի քաղաքի շենացմանը: Եվ որ «աղետի գոտի» բառակապակցությունը կդադարի լինել այս քաղաքը բնութագրող արտահայտություն:

Սողոյան-Թադեւոսյանները, շատերի նման՝ իրենց տունը կորցրել են 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Դրան հաջորդել են մետաղական տնակում ապրելու երկար ու ձիգ տարիները։ 2012 թ.-ին ընտանիքին հաջողվել է գնել կիսակառույց շինություն, սակայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել այսպես էլ չեն կարողացել։ Ամուսնությունից հետո, մինչեւ օրս վագոն-տնակում ապրող  Քրիստինան, տարբեր  փորձությունների միջով է անցել: Նրա երազանքների տունը մնացել է կիսակառույց շինություն՝ ամուսնու առողջական լուրջ խնդրի պատճառով: Երիտասարդ կինը ստանձնել է իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը՝ արտերկրում բուժվող ամուսնուն թիկունք լինելու համար: Քրիստինայի նախաձեռնությանն սկսել են աջակցել բնակարանաշինության գործում տարիների հաջողված փորձ ունեցող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

«Տնակում ձմեռը շատ ցուրտ է։ Ամենադժվարը առավոտներն են… Փորձում ենք մի փոքր տաքացնել, սակայն՝ անօգուտ։ Իսկ ամռանն  անտանելի տոթ է։ Մեր երազանքն է՝ որքան հնարավոր է շուտ ազատվել մետաղական տնակից։ Շնորհակալ եմ կամավորներին՝  օգնության ձեռք մեկնելու եւ շինարարական աշխատանքները եւս մեկ քայլով ավարտին մոտեցնելու համար»,- ասել է Քրիստինան։

«Դարձյալ Գյումրիում ենք՝ իր փոքրիկ  «անկախությունը» ստեղծող այս ընտանիքին աջակցելու համար: Հետաքրքիր ու խորհրդանշական  է, որ ընդամենը 10 օր հետո, մենք նշելու ենք մեր երկրի Անկախության տոնը: Առաջին հայացքից, դա որեւէ կապ չունի թեմայի հետ: Գուցե այդպես է, բայց շատ լավ առիթ է իրականացվող շինարարության ընթացքում սրտանց ուրախանալու համար:  Հատկապես Գյումրիում, բնակարան չունեցող ամեն ընտանիք դեռեւս հիշում է երկրաշարժն ու ավերիչ հետեւանքները: Ժամանակն է մեկընդմիշտ մոռանալ անցած կյանքի դժվարին ճանապարհը, չխուսափել խնդիրներից, գնալ դրանց ընդառաջ, փորձել լուծել  եւ յուրաքանչյուր տոնի հետ՝ ամրանալ ու առաջ շարժվել: Մեծ հաջողությունը ստեղծվում է փոքրիկ քայլերից: Մենք այստեղ ենք՝ մեր գործով այդ ամենը փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կորցնել սեփական տունն իրապես ցավալի է։ Չնայած այս ընտանիքը հայտնվել է առողջական եւ ֆինանսական խնդիրների առջեւ ՝ չի հուսահատվել եւ շարունակել է հավատալ, որ իրենց երեխաները կմեծանան բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։ Շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը մեծ օգնություն էր ընտանիքի համար։ Գյումրիում այս տարի բնակարանաշինության ծրագրով կլուծվի հինգ ընտանիքի բնակարանային խնդիր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մինչեւ տարեվերջ կավարտվի երկար սպասված տան շինարարությունը։ Կամավորների օգնությամբ իրականացվել են  հատակի բետոնացման աշխատանքները։