Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ ԱԺ այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ համապատասխան գրությունն արդեն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։

«Շնորհակալություն ենք հայտնում էդգար Առաքելյանին համագործակցության համար եւ հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր Facebook-ի իր էջում օգոստոսի 29-ին, որտեղ նշել էր. «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որեւէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարեւորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, մասնագիտությամբ՝ ռեժիսոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արթուր Մանուկյանն է: