Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը (ֆոտոռեպորտաժ

Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 

Երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդել են Քոչարյանի խափանման միջոցը փոխել և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։

Դատավարությանը զուգահեռ բողոքի ակցիաներ են ընթանում դատարանի շենքի դիմաց։ 

Քոչարյանի եւ մյուսների գործն ի սկզբանե եղել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, սակայն ՀՔԾ–ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել  պաշտոնեական կեղծիք կատարելու համար եւ նրա լիազորությունները դադարեցվել են։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների պնդմամբ՝ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու նրա որոշումից հետո։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին առաջին ատյանի դատարանին՝ ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել  երկրորդ նախագահին։