Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին մի երիտասարդի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:

Դատարանի դիմաց առավոտից մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։

Բերման ենթարկվելիս քաղաքացին բղավեց. «Լսեցի, որ ուզում եք ժողովրդին քշեք, ես էլ ասում եմ՝ ժողովուրդը չի քշվում»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքի առջևից բերման ենթարկված քաղաքացուն տարել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ քաղաքացին ոստիկանություն է տարվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայանալու է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։