ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել իր որոշումներից մեկում՝ ՍԴ փետրվարի 5-ին կայացված որոշման կատարումն ապահովելու նպատակով:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ այս որոշումով նախատեսվում է, որ ազատությունից զրկված անձին տույժի միջոցներ կիրառելիս պետք է հաշվի առնել ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, այլ դատապարտյալի անձը, նրա վարքագիծը, այլ նաեւ տույժի միջոցի նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը: Նախատեսվում է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է աշխատելը:

Նաեւ նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը և ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:

Փոխնախարարը նշեց, որ այս փոփոխություններով որոշման դրույթները կհամապատասխանեցվեն ՍԴ վերը նշված որոշմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու է սահմանվել, որ կալանավորը պատժախցում չի կարող աշխատել. «Ասենք, եթե անձը նկարիչ է, մենք պատժում ենք, չենք թողնում որ նկարի՞»: Փոխնախարարը պատասխանեց, որ խցում անձը կարող է աշխատել, իսկ պատժախցում ոչ, որովհետեւ դա եւս մեկ սահմանափակման ձեւ է:

Օմբուդսմեն Արման Թաթոյանը նշեց, որ նախկինում պատժախուց տեղափոխվող անձը մեխանիկորեն զրկվում էր հեռախոսակախպից, իսկ հիմա ամեն մի դեպքում այն պետք է քննարկվի եւ որոշում կայացվի. «Սա հնարավորություն կտա անհատական մոտեցում ցուցաբերել: Սա խրախուսանքի մի մաս է»: