ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիային զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ընթանում է նաեւ իշխանության աջակիցների ակցիան։

Քիչ առաջ իշխանության աջակիցներին միացան նաեւ ՀԱԿ անդամներ Լեւոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, «Սասնա Ծռեր» կուսակցության անդամները ։

Ավելի վաղ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ սեպտեմբերի 12-ին հավաքվելու են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։

Նշենք, որ իրավիճակը դատարանի բակում լարված է։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։

Քոչարյանի աջակիցներից մեկը քիչ առաջ հայտարարեց. «Սադրանքի չենք տրվում և չենք հակադարձում։ Այն մարդը, ով մեր հասցեին, նախագահ Քոչարյանի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է անում, մենք մեր վրա չենք վերցնում։ Ինչ ասում էր, վերաբերում էր հենց ասողին։ Այդ մարդիկ ցույց են տալիս իրենց դաստիարակությունը և մակարդակը, չենք անդրադառնում և համարեք, որ իրենք այստեղ չեն։ Մեր ակցիան շարունակում ենք նույն տրամաբանության մեջ։ Եվ մեր խնդիրը ոչ թե մեր հարևանությամբ գտնվող հայրենակիցներն են, ովքեր թյուրիմացության մեջ են, մոլորյալներ են, այլ մեր խնդիրը դատարանի հետ է։ Եվ մենք այսօր էլ փորձում ենք դատարանին հիշեցնել, որ անհապաղ դատական նիստ հրավիրելու հետ մեկտեղ պետք է անհապաղ քննության առնեն նախագահ Քոչարյանին ազատելու խնդիրը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայանալու է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։