Այս պահին ամենակարեւորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի եւ ինքն ազատության մեջ լինի, մնացածը դատավարության ընթացքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Դիտարկմանը, որ նույն մեղադրանքը նաեւ իրեն է վերագրվում, նա նշեց. «Ես դա չեմ ընդունել, որովհետեւ անհիմն է»։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդել են Քոչարյանի խափանման միջոցը փոխել եւ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։

Դատավարությանը զուգահեռ բողոքի ակցիաներ են ընթանում դատարանի շենքի դիմաց։