Մենք ոչ թե Ամուլսարի դեմ բողոքող քաղաքացիների ակցիային ենք մասնակցելու, այլ ժողովրդի կողքին ենք լինելու, որ ժողովրդին չնեղացնեն, խախտումներ չլինեն, բռնություններ չլինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե կմիանան արդյոք ակցիային, ինչպես հայտարարել էր ինքը։

«Դուք երեւի իմ պատասխանը ճիշտ չեք ընկալել, ոչ թե ակցիային ենք մասնակցելու, մենք ժողովրդի կողքին ենք լինելու, որ ժողովրդին չնեղացնեն, խախտումներ չլինեն, բռնություններ չլինեն։ Մենք չենք ասել, որ կմասնակցենք քայլերթին, մենք ասել ենք ժողովրդի կողքին ենք լինելու, մենք ժողովրդի կողքին ենք, որ անօրինականություններ չլինեն մեր չափով մեր հնարավորությունների սահմաններում։ Իրենք կարող են ազատ քայլել, մենք ասում ենք՝ հենց խոչընդոտ լինի, բռնություն լինի անմիջապես պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, Բագրատյան Սերգեյը, որ այդ տարածքից է ընտրվել , կլինեն ժողովրդի կողին, որ խախտումներ, բռնություն չլինեն»,–նշեց նա։

Հարցին՝ հնարավոր ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը կարող է մրցակցության մեջ դնել իշխանությանը եւ խորհրդարանական ընդդիմությանը, Ծառուկյանն հարցրեց. «Ի՞նչ մրցակցության մասին է խոսքը, ես ուզում եմ հասկանամ»։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ շանս ո՞ւնեն նոր ձեւավորվող ուժերը, որին նա պատասխանեց. «Ամեն մարդ էլ իրավունք ունի կուսակցություն բացել, դա կախված է իր արածից, իր գործունեությունից եւ ժողովրդի մոտ վստահությունից։ Ամեն մեկը կարող է մրցակից լինել։ Այնպես չէ՝ այսօր արթնացավ, դարձավ մրցակից»։

Հարցին՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությունը, որ հեղափոխությունը պետք է փրկել, հիմնավոր է, ինքը այդպիսի վտանգ տեսնում է, Ծառուկյանը պատասխանեց.  «Ես ոչ մի բան էլ չեմ տեսնում։ Ամեն մարդ դա ասում է իր կարծիքը, իր տպավորությունը, իր կարծիքը, իր տպավորությունը։ Ամեն մարդ իր ասածի համար իր մտածելակերպն է ասում»։