ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում մի շարք ընկերությունների հարկային արտոնություն տվեց: Նախագծերը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Արտակ Քամալյանը:

Նախ կառավարությունը հավանություն տվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՐԻՆԱ ԿՈՉՈՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտին:

Քամալյանը նշեց, որ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ, որն իրականացվելու է Հրազդանում:

Ծրագրով նախատեսվում է կատարել 80 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների եւ մոտ 580 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար; Նախատեսվում է ստեղծել 15-20 նոր աշխատատեղ: Ծրագրող արտադրության ծավալը կկազմի մոտ 600 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը բավարարեց «ԱՆԻՊԼԱՍՏ»  ՍՊԸ-ի նմանատիպ հայտը:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սննդի փաթեթավորման համար, արտադրությունն իրականացվելու է Աշտարակ քաղաքում, ընկերությունը գործում է 1998 թվականից: նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել մոտ 1,4 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը բավարարեց «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՍՊԸ-ի նմանատիպ հարկային արտոնության վերաբերյալ հայտը:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տետրեի եւ նկարչական ալբոմների արտադրության մեջ,որն իրականացվելու է Աբովյան քաղաքում: Ընկերությունը գործոըւմ է 2012 թվականից, նախատեսվում է իրականացնել 457 մլն դրամի ներդրում հումքի եւ սարքավորումների ձեռքբերման համար: Ծրագրով կստեղծվի 6-9 նոր աշխատատեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այստեղ խոսքը մոտ 2 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրումների մասին է: Նա հիշեցրեց, որ աշխատող քաղաքացիների թիվը Հայաստանում մեկ ամիս առաջվա թվյալներով 601 հազար էր, իսկ այժմ այն հասել է 604 հազարի. «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 64 հազար աշխատատեղերի աճ»: