Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, որտեղ առավոտից ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և իշխանության կողմնակիցների բողոքի ակցիաները, իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Մեծ թվով ոստիկանական ուժերի կուտակում կա։ Քիչ առաջ դատարանի բակ ժամանեց ոստիկանական ավտոբուսների ևս մեկ շարասյուն։

Նշենք, որ առավոտից դատարանի առջեւ հավաքված ոստիկանական ուժերն անընդհատ համալրվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայանալու է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։