ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց կառավարության սահմանած կարգով ընտրված «Արմփաուեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերի13-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը՝ նշելով, որ «Արմփաուեր» ՓԲ ընկերությունը նախատեսում է կառուցել եւ շահագործել 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի չափով ներդրում՝ արդի սարքավորումների ձեռք բերելու համար։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 704 նոր աշխատատեղ` 256.4 հազ․դրամ միջին աշխատավարձով (կառուցման շրջանում) եւ 106 աշխատատեղ`545․4 հազ․ դրամ միջին աշխատավարձով (շահագործման ընթացքում)։