ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, Երեւանի ընդհանուր իրավասության՝ Շենգավիթի նստավայրի դատարանի դահլիճ մտնելուց առաջ պատասխանեց լրագրողների միայն մեկ հարցին։

Լրագրողները հետաքրքրվեց՝ հետեւելո՞ւ է դատական նիստին, որին ի պատասխան Իգոր Խաչատուրովը կարճ պատասխանեց. «Այո»։

Դատարան էր եկել նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատական նիստից, Արմեն Գեւորգյանը կարճ պատասխանեց. «Աննկարագրելի»։

Մեկ այլ հարցին, թե ինչպես է գնահատում նախաքննության ընթացքը, նա նշեց. «Սիրելիներս, եկեք պայմանավորվենք, որ ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու»։

Լրագրողները հիշեցրին, որ ինքն ասել էր, որ նախաքննության ավարտից հետո կպատասխանի հարցերին, որին ի պատասխան նախկին փոխվարչապետն ասաց. «Ուզում եք ոտքի վրա խոսացնեք, իմ տրամադրությունը փչացնեք»։

Իսկ հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իր բաձր տրամադրությունը, Արմեն Գեւորգյանն արձագանքեց. «Իմ ժպիտը, կարծում եմ, ամեն ինչ ասում է»։

Դատարան եկած Յուրի Խաչատուրովն էլ չպատասխանեց լրագրողների հարցերին, նա լուռ մտավ դատարանի դահլիճ։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդել են Քոչարյանի խափանման միջոցը փոխել եւ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։

Դատավարությանը զուգահեռ բողոքի ակցիաներ են ընթանում դատարանի շենքի դիմաց։