Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասվածքը որովայնին էր, թափանցող։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։

Մի խումբ երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Շուտով պարզվեց նաեւ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ 16-ամյա երիտասարդը բաժին բերվելուց հետո ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին եւ ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 9-ին դատարանի որոշմամբ կալանավորվեց։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։