Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի սեւ բերետավորները ժամանեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, որտեղ առավոտից ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ իշխանության կողմնակիցների բողոքի ակցիաները, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, առավոտից դատարանի առջեւ հավաքված ոստիկանական ուժերն անընդհատ համալրվում են։

Իրավիճակը դատարանի բակում լարված է։ Իշխանության աջակիցները վանկարկում էին՝ «Քայլ արա՛, մերժիր Սերժին», Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն էլ վանկարկում էին՝ «Քոչարյան հերոս»։

Ռոբերտ Քոչարյանի աջակից Վահե Եփիկյանը հայտարարեց, որ իրենք տարիներ շարունակ պայքարել են երկրի ազատագրման համար, հիմա էլ պայքարելու են ՀՀ երկրորդ նախագահի ազատության համար. «Մեր հավաքն ուղղված է՝ աջակցելու դատավոր Աննա Դանիեբեկյանին, որպեսզի նա չվախենա իրականացնել արդարադատություն։ Մենք չենք արհամարհում մեր պատմությունը, մենք կռվել ենք մեր պատմության համար, պահպանել ենք Հայաստանի Հանրապետությունը եւ պահպանելու ենք։ Մենք չենք վերցնում մեր զոհված ընկերների լուսանկարները եւ պարում։ Մենք կռվում ենք մի բանի համար, ունենալու համար իրավական պետություն, ոչ թե թղթի վրա, այլ իրականում։ Հարգելի՛ դատարան, դուք ունեք բացառիկ հնարավորություն վերահաստատելու իրավական պետության վկան»։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր ընթանում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։