Իմ առաջարկած օրենսդրական փաթեթում առաջին եւ երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխություններ են մտցվել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 12-ի նիստում, «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» Սահմանադրական օրենքում եւ հարակից օրինագծերում օրենսդրական լրացումների փաթեթի քննարկման ընթացքում, ասաց օրենսդրական լրացումների համահեղինակ, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա մասնավորապես նշեց երեք առաջարկություն, որոնք ավելի վաղ ստացվել էին պատգամավորներից։ Նրա խոսքով՝ դրանք կնպաստեն, որպեսզի Հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը պետք է պայքարի կոռուպցիայի դրսեւորման սպառնալիքների դեմ, դառնա ավելի թափանցիկ եւ անկախ։

«Ընդդիմադիր խմբակցությունները կունենան Հակակոռուպցիոն հանձնաժողովի հինգ անդամից երկուսի թեկնածությունն առաջադրելու իրավունք։ Այդկերպ կներկայացվի երկու թեկնածու ընդդիմությունից, մեկը կառաջադրվի կառավարող խմբակցությունից, մեկը՝ կառավարությունից, մյուսն էլ՝ Բարձրագույն դատական խորհրդից։  Սա հնարավոր տարբերակ է, այն առումով, որ կառավարող քաղաքական ուժը վերահսկողություն չի ունենա ոչ միայն ընթացիկ գործընթացների, այլեւ Հակակոռուպցիոն հանձնաժողովի կազմի ձեւավորման գործում։ Սա մեծ ձեռքբերում է ժողովրդավարության տեսակետից»,- ասաց Միրզոյանը։

Մյուս փոփոխությունը, ինչպես նշեց ԱԺ նախագահը, վերաբերում է հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջադրմանը։ Այսպես, առաջին ընթերցման ընթացքում այդ իրավունքը տրվեց կառավարությանը, սակայն արդեն երկրորդ ընթերցմամբ այդ որոշումը փոխվեց։

«Համաձայն արդեն նոր խմբագրման՝ հանձնաժողովի հինգ անդամներն իրենք են ընտրելու նախագահին իրենց կազմից»,- տեղեկացրել է խորհրդարանի նախագահը՝ ավելացնելով, որ այդ որոշումը նույնպես թույլ կտա բարձրացնել հանձնաժողովի անկախությունը։

Միրզոյանը նաեւ նշեց, որ խորհրդարանական խմբակցությունները հնարավորություն չեն ունենա հետ կանչել հանձնաժողովի արդեն ընտրված անդամներին՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը կարող է նոր թեկնածու առաջադրել միայն ընդհանուր կարծիքի եւ հանձնաժողովի անդամների որոշման հիման վրա։