Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակությանը` գլխավորությամբ Զահլեի Անտիոքի Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի եւ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ մասնավորապես բարձր գնահատելով պրն. Նիկոլաս Աբու Ֆայսալի կողմից Հայաստանում կյանքի կոչվող ծրագրերը, որոնք նաեւ նպաստում են երկու ժողովուրդների միջեւ փոխճանաչողության եւ կապերի զորացմանը: Նորին Սրբությունը ողջունեց նաեւ Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի ներկայությունը ու կարեւորեց իրականացվող նախաձեռնություններին նրա կողմից բերվող զորակցությունը:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ եղած ջերմ եւ սերտ փոխհարաբերություններին` Վեհափառ Հայրապետը նշեց, որ մշտապես աղոթում է Միջին Արեւելքում խաղաղության հաստատման եւ բարեկամ ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի համար:

Իրենց հերթին Անտիոքի Միտրոպոլիտը եւ պրն. Աբու Ֆայսալը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին` երկու պետությունների եւ ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը ուղղված ձեռնարկների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: