ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Հովնանյանն այսօր ընդունել են հոլանդական Holland Trade Support եւ VDL Agrotech ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը եւ հիմնական ներդրող Ռազմիկ Բլիկյանը:

Նախատեսվող ծրագրի հիմնական նպատակներն են ավելացնել Հայաստնում բրոյլերային արտադրանքի տարեկան ծավալները եւ ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ:

Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել գենետիկական կենտրոն եւ ինկուբատորային կայան, ներմուծված բրոյլերային տոհմային ճտերի շնորհիվ ձեւավորել բրոյլերային տեսակի հավերի սեփական մայրական կազմ, ինչը թույլ կտա ավելացնել տեղական բրոյլերային թռչնամսի արտադրության ծավալները եւ նվազեցնել թռչնամսի ներկրումը հանրապետություն:

Ներկայացնելով ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքերը`հոլանդացի գործարարներն ընդգծել են, որ ծրագիրն էապես կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը եւ թռչնամսի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաեւ դասընթացների կազմակերպում եւ խորհրդատվության տրամադրում:

Նախագիծն ավելի իրատեսական հիմքի վրա դնելու նպատակով առաջիկայում կկազմվի գործարար ծրագիր, որը կներկայացվի շահագրգիռ մարմիններին:

Փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանը եւ Արման Հովնանյանը պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրի հաջող իրականացմանը: