Ֆրանսիայում դատարանը վճռել է, որ Սաուդյան Արաբիայի թագավորի դուստր Հասսա բին Սալմանը մասնակից է եղել զենքի սպառնալիքով բռնությանն ու առեւանգմանը։

Արքայադստերը 10 ամսվա պայմանական ազատազրկման են դատապարտել, հաղորդում է AP-ը։

Մեղադրող կողմը հայտարարել է, որ արքայադուստրն իր թիկնապահին կարգադրել է ծեծի ենթարկել Փարիզի իր ճոխ բնակարանում աշխատողներից մեկին։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ արքայադստեր ենթակայության տակ աշխատող Աշրաֆ Իդը ոստիկանությանն ասել է, որ թիկնապահը կապել է իր ձեռքերը, բռունցքով եւ ոտքով հարվածել եւ ստիպել համբուրել արքայադստեր ոտքերն այն բանից հետո, երբ արքայադուստրը նրան մեղադրել է իրեն բջջային հեռախոսով նկարահանելու մեջ։