Հունիսի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող օծանելիքի խանութից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախույզները գաղտնի հափշտակությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` դեպքի վայրի զննությունից մինչեւ օպերատիվ հարցումներ:

Բացահայտման աշխատանքներին միացան նաեւ ՔՀԳՎ 2-րդ վարչության ծառայողները եւ հետեւողական աշխատանքը ամիսներ անց դրական արդյունք տվեց: Տեղեկություններ ստացվեցին որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Սարի թաղի 22-ամյա մի բնակիչ:

Սեպտեմբերի 11-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանները նրան բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացրին նախաքննությունն իրականացնող մարմնին:

Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: