2030 թվականին Արցախում մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը հնարավոր է հասցնել 16 հազար դոլարի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Սլավոնական համալսարանում դասախոսների եւ ուսանողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախում նախագահական ընտրություններում:

«Ունենք ծրագիր, որ 2030 թվականին ընդհանուր առմամբ արգելենք Ղարաբաղում ներկրել դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաներ, իսկ 2040 թվականին հրաժարվել գազից եւ նավթամթերքներից»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքն անձամբ ձեռք է բերել 2013 թվականի արտադրության էլեկտրամոբիլ:

«Սակայն ամենակարեւոր ուղղությունը Արցախի տնտեսության մեջ լինելու է գյուղատնտեսությունը: Այն պետք է լինի ոչ միայն տնտեսության լոկոմոտիվը, այլ ժողովրդագրության համար գլխավոր նպատակը»,-ասաց նա եւ բերեց Իսրայելի օրինակը, որտեղ ինքը դասընթաց է անցել:

«22 հազար քառակուսի կիլոմետր, մաքսիմում 1,8 մլրդ խմ ջրային ռեսուրս, արտադրում է մոտ 8 մլրդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք, որից արտահանում է 2 մլրդ դոլարի գյուղարտադրանք: Հայաստանն ու Արցախը միասին ավելի քան 42 հազար քառակուսի կիլոմետր է, ջրային ռեսուրսները ավելի քան 10 մլրդ խմ, արտադրում ենք մոտ 2 մլրդ գյուղմթերք, իսկ արտահանում-ներմուծում սալդոն էլ բացասական է: Ասում են Իսրայելում գյուղատնտեսության բնագավառում մեկ արտադրողը կերակրում է 95 հոգու, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 76 է, Ռուսաստանում՝ 14, Չինաստանում՝ 4,8, իսկ Արցախում մենք ասում ենք, որ պետք է երկու հոգով արտադրենք, որ մեկ հոգու կերակրենք»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ Արցախն ունի լուրջ ներուժ, որ գյուղատնտեսության ոլորտը կտրուկ աճ գրանցի: