ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հեռացումը չի ազդի Թեհրանի կողմից Վաշինգտոնի քաղաքականության ընկալման վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հաղորդում է Tasnim-ը։

«ԱՄՆ ղեկավար մարմնում մակերեսային փոփոխությունները չեն ազդի Իրանի կողմից ԱՄՆ-ի քաղաքականության եւ գործողությունների բնույթի ընկալման վրա»,- ասել է Շամխանին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախկին եւ գործող նախագահները Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցային քաղաքականություն են վարել։ «Իրանի կողմից գնահատման չափանիշ է համարվում ԱՄՆ փաստացի քաղաքականությունը, հատկապես միջազգային պարտավորությունների իրականացումն ու իրանցիների դեմ պատժամիջոցների չեղարկումը։ Բոլթոնի հիմար խոստումը, թե  Իսլամական հեղափոխությունը չի հասնի իր 40-ամյակին, կմնա որպես հետք ԱՄՆ-ի քաղաքականության եւ քաղաքական վարկանիշի վրա»,- հավելել է նա։