Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի ընտանիքի անդամները վրդովված են, քանի որ երկրի կառավարությունն իրենց հետ չի քննարկել նախկին նախագահի հուղարկավորության արարողությունը։ Ընտանիքը ցանկանում է Մուգաբեին հուղարկավորել նրա հարազատ գյուղում, սակայն իշխանությունները որոշել են, որ նախկին նախագահը պետք է հուղարկավորվի ազգային հերոսների ծառուղում, հաղորդում է BBC-ը։

Մուգաբեն, որը մահացել է անցած շաբաթ 95 տարեկան հասակում, Սինգապուրի կլինիկաներից մեկում, երկիրը ղեկավարում էր 37 տարի, սակայն գահընկեց արվեց 2017թ․ ռազմական հեղաշրջումից հետո։

Նախկին նախագահի ընտանիքը մտադիր է Մուգաբեի մարմինն ամփոփել նրա հարազատ Կուտամա գյուղում և հենց այդտեղ փակ արարողություն կազմակերպել։ Սակայն կառավարությունը ցանկանում է Մուգաբեին հուղարկավորել ազգային հերոսների Ակր գերեզմանատանը, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Հարարեի մոտակայքում։

Բացի այդ, մահացածի հարազատներին մտահոգում է այն,  որ համաձայն Մուգաբեի վերջին ցանկության՝ նրա այրին՝ Գրեյսը, պետք է նրա կողքին գտնվի հրաժեշտի արարողության և հուղարկավորության ժամանակ։ Ինչպես նաև հաղորդվում է, որ Մուգաբեի հարազատները պատրաստ են և ցանկանում են համագործակցել կառավարության հետ։    

Զիմբաբվեի կրթության նախարար Փոլ Մավխիման հայտարարել է, որ կասկած չի կարող լինել, քանի որ Մուգաբեին պետք է հուղարկավորեն որպես ազգային հերոսի։ Նա նաև հայտնել է, որ նախկին նախագահին հրաժեշտ կտա պետությունների մոտ 50 նախկին և գործող ղեկավարներ։

Երբ նախկին նախագահի մարմինը տեղափոխող ինքնաթիռը Սինգապուրից Հարարե է ժամանել, նրան անձամբ դիմավորել է գործող նախագահ Էմերսոն Մնագագվան։

2017թ․ այն մտավախությունների ֆոնին, թե Մուգաբեն պատրաստվում է իշխանությունն իր կնոջը հանձնել, բանակային վերնախավը հանդես եկավ դրա դեմ և նրան գահընկեց արեց։ Նոր նախագահ դարձավ Էմերսոն Մնագագվան։