«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին  և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից ոստիկանները բերման ենթարկեցին։

Արամ Հարությունյանին բերման էին ենթարկել իշխանության աջակիցներից մեկի հետ վիճելուց հետո։

«Ինձ ասել ա թուրք ու անիծել ա իմ երեխուն, ես հարվածել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլի հենարաններին։ Ես ընդունում եմ եւ էլի կհարվածեմ ցանկացած մեկին, ով ինձ կասի թուրք, որովհետեւ ես 1992 թվականի հուլիսի 29-ին էս ձեռքերով իմ զոհված ընկերներին եմ տեղավորել։ Եթե ձեր երեխային անիծեն, նորմալ մարդը պետք է տեղը դնի։ Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կռիվն է, Նիկոլն արդեն խաղի մեջ չի։ Էսօր հող տալու կռիվ է։ Էսօր մեր ժողովրդի անպատվությունն է, որ դատարանում Արցախի 2 հերոս էին, մենք բոլորս պիտի կանգնենք ու քացու տակ գցենք էն մարդկանց, որոնք հերոսներին տականք են ասում ու անիծում»,- ասաց Հարությունյանը բերման ենթարկվելու պահին։

Նա պատմեց, որ միջադեպը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից հետո. «Ով ինձ կասի թուրք ու իմ 8 տարեկան տղային կանիծի, էլի կխփեմ, հիմա բերեք, էլի կխփեմ։ Էսօր տեսեք՝ ՀՀՇ-ն ինչ ոգեւորված է, իրենց չի հետաքրքրում դատավարությունը, իրենք ուզում են փակեն Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Խաչատուրովին։ Նիկոլը ասֆալտին էր փռում, ես սենց ոտքով կճխլեմ Նիկոլին էլ»։

Վերջում Հարությունյանը նշեց, որ  իրեն չի հետաքրքրում իր կատարած քայլի իրավական հետեւանքները։

Հարությունյանին բերման ենթարկելու պահին մոտեցավ մարտի 1-ին զոհված Ամենակ Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան ֆարմանյանը, եւ հարվածեց նրան։ Միաժամանակ, բերման ենթարկեցին նաեւ Հարությունյանի հետ վիճած կնոջը։

Այս պահին Քոչարյանի աջակիցները հավաքվել են Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց, որտեղ տեղափոխել են Մանթաշյանին և Հարությունյանին։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայացավ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։