ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է պատժամիջոցներով սպառնալ Թուրքիային ռուսական Ս-400 համակարգերը ձեռքբերելու կապակցությամբ: «Բոլոր տարբերակները սեղանին են. Թուրքիան դեռեւս գտնվում է պատժամիջոցների սպառնալիքի ներքո»,-Վաշինգտոնում լրագրողներին հայտարարել է քաղաքական եւ ռազմական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ռ.Կլարկ Կուպերը, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

Վերջին տարվա ընթացքում մեծացել է լարվածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, ինչը մասամբ պայմանավորված է Սիրիայում քուրդ ապստամբներին ԱՄՆ-ի կողմից աջակցությամբ: Սակայն հակաօդային պաշտպանության ռուսական առաջադեմ համակարգերը ձեռքբերելու Անկարայի որոշումն էլ ավելի է բարդացրել երկու երկրների միջեւ առանց այն էլ լարված հարաբերությունները:

Հուլիսին Ս-400-ը մատակարարելուց հետո Սպիտակ տունը հայտարարել էր F-35 կործանիչներն արտադրելու ծրագրի շուրջ Թուրքիայի հետ գործընկերությունը դադարեցնելու մասին, ինչի արդյունքում թուրքական ընկերությունները կորցրել էին շուրջ 9 միլիարդ դոլար:

Կուպերը նշել է, որ Թուրքիայի դեմ պատժիչ միջոցները նախատեսված են օրենքով, այդ թվում՝ Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքով (CAATSA): «Թուրքիան հետաքրքիր դեպք է, քանի որ մենք մի շարք գործընկերներ ունենք, որոնք մեծ ուշադրությամբ հետեւում են, թե ինչ որոշում մենք կընդունենք Թուրքիայի նկատմամբ»,-նշել է Կուպերը: Սակայն նա նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարող են վերականգնվել: «Թուրքիայի կառավարությունում կան ներկայացուցիչներ, որոնք իսկապես գիտակցում են իրավիճակը եւ շնորհակալ են, որ դեռեւս կա շանս»,-հավելել է Կուպերը: «Անկարայից կայացված որոշումները ոչ միշտ են արտացոլում ռազմական ինստիտուտների կամ ԱԳՆ-ի դիրքորոշումը»:

Բացի այդ, Կուպերը հայտարարել է, որ վերջերս 6.5 մլրդ դոլարով Լեհաստանին թվով 32 F-35  կործանիչների վաճառքը կապված չէ Թուրքիային ծրագրից դուրս հանելու որոշման հետ: