Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են հոգեւորականին այն բանից հետո, երբ վերջինս քննադատել է միջազգային երաժշտական համերգներ կազմակերպելու հարցով թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի քաղաքականությունը, հաղորդում է The New Arab-ը:

«Խղճի գերիներ» իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ Քասիմ համալսարանի իսլամական իրավունքի պրոֆեսոր, շեյխ Օմար Ալ-Մուքբիլը ձերբակալվել է այն բանից հետո, երբ զվարճանքների գլխավոր վարչության (GEA) քաղաքականությունը թագավորության համար սպառնալիք է անվանել: Ալ-Մուքբիլը GEA-ին մեղադրել է «հասարակության ինքնության ոչնչացման» մեջ:

«Թագավորությունում վերջին 2 տարում կամայական ձերբակալություններն ուղղված են առաջատար գիտնականների, շեյխերի եւ այլ ազատամիտների դեմ»,- ասվում է իրավապաշտպան խմբի հայտարարության մեջ:    

Անցած տարի արեւմտյան մի շարք հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ Մրայա Քերին, 50 Cent-ը, Ջանեթ Ջեքսոնն ու Շոն Փոլը, համերգներ տվեցին Սաուդյան Արաբիայում՝ Մուհամեդ բեն Սալմանի «լիբերալացման» քաղաքականության շրջանակում:

Բարեփոխումները (այդ թվում՝ կանանց ավտոմեքենա վարել թույլատրելը, գենդերային համերգները) «Տեսլական 2030» անվանումը ստացած լայնամասշտաբ տնտեսական ծրագրի մի մասն են: Ծրագիրը կօգնի դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը նավթային կախվածությունից եւ նոր աշխատատեղեր ստեղծել: Սակայն քննադատները պնդում են, որ բարեփոխումները շեղում են Մուհամեդ բեն Սալմանի քննադատների դեմ լայնամասշտաբ ճնշումներից:    

2017թ. սեպտեմբերին ավելի քան 20 ազդեցիկ հոգեւորականներ եւ ինտելեկտուալներ ձերբակալվեցին, իբր, «արտասահմանյան կուսակցությունների» անունից գործելու համար:

Ձերբակալվածների թվում էին հոգեւորական Սալման ալ-Ավդան, որին ձերբակալեցին թվիթթերյան գրառման համար: Գրառման մեջ նա «մարդկանց միջեւ համերաշխության» կոչ էր անում, սակայն Սաուդյան Արաբիայի իշխանությունների պնդմամբ՝ այդպիսով նա կոչ էր անում հաշտվել հարեւան Կատարի հետ:

Ամիսներ անց ձերբակալվեցին սաուդցի ավելի քան 200 բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ եւ արքայազներ՝ ենթադրյալ հակակոռուպցիոն արշավի շրջանակում:

Փորձագետները նշում են, որ դա միջոց էր ամրապնդելու թագաժառանգ արքայազնի իշխանությունը, որն այդպիսով վերացրեց պոտենցիալ մրցակիցներին:

Էր Ռիյադը նաեւ քննադատության արժանացավ միջազգային հանրության կողմից՝ կապված 2018թ. Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ: