2009 թվականին Իտալիայի հնագույն դամբարանում, մեկ գերեզմանի մեջ թաղված կմախքները պատկանել են երկու տղամարդու, պարզել են հետազոտողները։ Ավելի վաղ ընդունված էր կարծել, թե դրանք տղամարդու եւ կնոջ կմախքներ են, տեղեկացնում է BBC-ն։

Մարմինները հայտնաբերվել են իտալական Մոդենա քաղաքի պեղումների ժամանակ։ Դրանք, որոնք հայտնի են դարձել որպես «սիրեկաններ Մոդենայից», միմյանց ձեռք էին բռնել եւ նայում էին միմյանց։

Կմախքները վատ են պահպանվել, դրա համար էլ դրանց սեռական պատկանելությունը որոշել անմիջապես հնարավոր չի եղել։ Դա հաջողվել է արդի տեխնոլոգիաների շնորհիվ՝ ուսումնասիրելով ատամի էմալը։

Ինչպես պնդում են Բոլոնիայի համալսարանի գիտնականները, տղամարդիկ թաղվել են մեր թվականության IV եւ VI դարերի միջեւ ընկած ժամանակահատվածում։ Թե ինչ հարաբերությունների մեջ են եղել նրանք՝ հայտնի չէ, բայց թաղման ժամանակ ինչ-որ մեկը հատուկ մարմինները հենց այդ կերպ է դասավորել։

Հետազոտողների խմբի ղեկավար Ֆեդերիկո Լուլյին Rai հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, որ տղամարդիկ կարող էին եղբայրներ կամ զինվորներ լինել, որ զոհվել են միասին ճակատամարտում։

Սիրեկանների վարկածը շատ գիտնականներ սակավ հավանական են համարում, քանի որ այն ժամանակներում կրոնական սահմանափակումները թույլ չէին տալիս բացահայտ ցուցադրել միասեռական հարաբերությունները։

Գիտնականները պնդում են, որ այս բացահայտումը թույլ կտա ավելի լավ հասկանալ թաղման հնագույն արարողակարգերը։