Եվրամիությունը պետք է ընդհանուր կանոններ մտցնի վիրտուալ արժույթի կառավարման համար: Այժմ այն հիմնականում կարգավորվում է ազգային մակարդակով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բռունո Լե Մարեն, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԵՄ 28 երկրների համար թվային արժույթի հարցով «ընդհանուր շրջանակ» է անհրաժեշտ: Նա կրկին հայտարարել է, որ դեմ է ԵՄ-ում Facebook Libra կրիպտոարժույթի հայտնվելուն: Բռունո Լե Մարեն կոչ է արել նաեւ «հանրային թվային արժույթ» ստեղծել, սակայն չի հստակեցրել՝ ինչ նկատի ունի:

Հունիսին Facebook-ը հայտնել էր Libra կրիպտոարժույթի գործարկման մասին։ Ենթադրվում է, որ այն կգործարկվի գալիք տարի։ Libra-ն նախատեսված է արտարժութային ակտիվների զամբյուղին աջակցելու նպատակով՝ խուսափելու համար վայրի տատանումներից, որոնք նկատվում են բիթքոինների եւ այլ կրիպտոարժույթների պարագայում։

Մյուս էական տարբերությունն այն է, որ դրանց վերահսկողությունը ապակենտրոնացված չի լինի, այլ կդրվի շվեյցարական ոչ առեւտրային ասոցիացիայի վրա։ Բացի Facebook-ից,  Libra-ի հովանավորների թվում են Visa, MasterCard եւ PayPal վճարային հսկաները, ինչպես նաեւ Lyft եւ Uber հավելվածները։

Ֆրանսիացի պաշտոնատար անձինք նախազգուշացրել են այն վտանգի մասին, որը ներկայացնում է Libra-ն այն պահից, երբ դրա մասին հայտարարվեց։

«Երկրների դրամային ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է դրամի հնարավոր մասնավորեցումից... միակ սուբյեկտից՝ ավելի քան 2 մլրդ օգտատիրոջով»,- ասել է ֆրանսիացի նախարարը։

Շատերը մտավախություն ունեն, որ Libra-ն կարող է օգնել մարդկանց հրաժարվել ազգային արժույթներից ճգնաժամի ժամանակ, ինչը կբարդացնի կառավարությունների՝ տնտեսությունները կառավարելու ջանքերը։