Արցախի բնակիչների ընտրությունների իրավունքը չընդունելը անհարմար վիճակի մեջ է դնում բացասական հայտարարությունների հեղինակներին...

Արցախը ժողովրդավարական ընտրությունների անցկացման լուրջ փորձ է կուտակել։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում՝ պատասխանելով այլ երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի եւ Վրաստանի հայտարարությունների մասին հարցին Արցախում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետ կապված։

ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Արցախն արդեն մոտ երեք տասնամյակ տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է անցկացնում։ Բոլոր անցկացված ընտրությունները ցուցադրել են դեմոկրատական արժեքներին եւ չափորոշիչներին հավատարմության բարձր մակարդակ, ինչը հաստատում են դիտորդները։

«Արցախը ժողովրդավարական ընտրությունների անցկացման լավ փորձ է կուտակել։ Եթե անհրաժեշտություն կա, Արցախը կարող է փորձը կիսել»,- նկատել է Աննա Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես ընդունում են Արցախի բնակչության դերը սեփական ապագայի մասին որոշումների ընդունման հարցում։

Նրա խոսքով՝ մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ իրավունքների իրականացումը չի կարող պայմանավորված լինել բնակության վայրի կարգավիճակով։ Այդ իրավունքները չընդունելը չի սահմանափակում դրանց իրականացումը եւ անհարմար վիճակի մեջ է դնում այն կողմերին, որոնք նման հայտարարություններ են անում, ասել է նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ֆրանսիացի պատգամավորների անունները «սեւ ցուցակ» մտցնելուն, Նաղդալյանը նկատել է, որ Ադրբեջանի փորձերը՝ ժխտել Արցախի ժողովրդի իրավունքները, ոչ մարդասիրական եւ բնաջնջման քաղաքականության շարունակությունն են։