Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:

Գրիգորի Մարտիրոսյանը ողջունել է հանձնաժողովի պատվիրակության հաճախակի այցելություններն ու համատեղ աշխատանքները՝ դրանք համարելով Արցախի համապատասխան կառույցի հետ համագործակցության խորացման կարեւոր երաշխիքներից մեկը:

Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ ճանապարհային քարտեզ մշակելու եւ հստակ ուղղություններով աշխատելու պայմանավորվածության մասին:

Մասնավորապես, աջակցելու են Արցախի Հանրային Հեռուստատեսությանը բովանդակային ու եթերաժամի ավելացման առումով: Համագործակցության մեկ այլ ուղղություն՝ ըստ Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի՝ հակահայկական կոնտենտի հետեվողական նվազեցման ուղղությամբ կլինի: Գրիգորի Մարտիրոսյանը կարեւորել է նախանշված ծրագրերի իրականացումն ու որպես առաջին քայլ՝ նշել համապատասխան մասնագետների փոխայցերի, վերապատրաստումների անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է  ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: