ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուները քննադատում են Չինաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ չինական ապրանքների համար նրա առաջարկած մաքսատուրքերը վնաս են հասցնում ամերիկյան սպառողներին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Թեկնածուները խոստացել են նաեւ վերջ դնել արտասահմանում ամերիկյան ռազմական արշավին՝ նշելով «անվերջ պատերազմների» բացասական հետեւանքները:

10 առաջատար թեկնածուներն իրենց կարծիքն են հայտնել Հյուսթոնում տեղի ունեցած 3-ժամյա դեբատների ընթացքում:

«Ակնհայտ է, որ նախագահը ռազմավարություն չունի»,- նշել է Սաութ Բենդի (Ինդիանա) քաղաքապետ Փիթ Բութիջիչը՝ խոսելով Չինաստանի հետ կապված իրավիճակի մասին: Նա ասել է, որ ընտրվելու դեպքում ռազմավարություն կմշակի, որը որպես ճնշման լծակ մաքսատուրքեր կներառի, սակայն բացառապես մաքսատուրքերի վրա հիմնված չի լինի:

«Այժմ նախագահը Չինաստանի նկատմամբ իր քաղաքականությունը վարում է մաքսատուրքերի ճանապարհով, չնայած նրան, որ դրանք վնաս են հասցնում ԱՄՆ-ին»,- ասել է Բութիջիչը:

Մինեսոտայից սենատոր Էմի Կլոբուշարն ասել է, որ մաքսատուրքերի մասին հայտարարելուց հետո ամերիկացիները զրկվել են 300 000 աշխատատեղերից: «Ողջ Միջին Արեւմուտքում, այդ թվում՝ Մինեսոտա եւ Այովա նահանգներում, երկար մնալով փչանում են չվաճառված սոյայի հատիկներ»,- ասել է նա:

Սան-Անտոնիոյի (Տեխաս) նախկին քաղաքապետ Հուլիան Կաստրոն նշել է, որ մաքսատուրքերի պատճառով ամերիկացի ընտանիքները զրկվում են միջինը 600 դոլարից:

«Ընդամենը մի քանի օր առաջ ամերիկացիների 60%-ը կարծիք հայտնեց այն մասին, որ հաջորդ տարի մեզ ռեցեսիա է սպասվում: Ընտրվելու դեպքում անմիջապես բանակցություններ կսկսեմ Չինաստանի հետ, որպեսզի վերջ դրվի այդ առեւտրային պատերազմին»,- զգուշացրել է Կաստրոն:   

Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է համագործակցի Չինաստանի հետ՝ կլիմայի փոփոխության եւ հյուսիսկորեական հարցերով:

Խոսելով Աֆղանստանի մասին՝ Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորրենն ասել է, որ անհրաժեշտ է ԱՄՆ վերադարձնել զինվորներին, որոնք Աֆղանստանում են արդեն 18 տարի: «Մենք այլեւս չենք կարող մեր զինվորներին խնդրել ռազմական ճանապարհով չլուծվող խնդիրներ լուծել: Ռումբերի օգնությամբ Աֆղանստանում որոշում չենք գտնի»,- նշել է նա:

Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը մրցավազքի ֆավորիտ է համարվում, կարծիք է հայտնել, որ Աֆղանստանն «անհնար է միավորել, դրանք 3 տարբեր երկրներ են», եւ նշել է, որ ընտրվելու դեպքում մտադիր է ամերիկացի զինվորներին հայրենիք վերադարձնել:

«Ես չպետք է Բուշին իրավասություն տրամադրեի զորքեր մտցնելու համար եւ անեի այն, ինչ նա մտադիր էր անել»,- ասել է Բայդենը:

Դեբատների ընթացքում ամենահիշվող արտահայտություններից մեկն արել է Տեխասից նախկին կոնգրեսական Բետո Օ'Ռուրկը.

«Գրողը տանի, մենք ձեզնից կվերցնենք ձեր AR-15 հրացանները, ձեր «Կալաշնիկով» ինքնաձիգները եւ թույլ չենք տա դրանք կիրառել մեր համաքաղաքացիների դեմ»:

Հունիսին եւ հուլիսին անցկացված դեբատներին միանգամից 20 թեկանծու էր մասնակցում, սակայն այժմ խստացվել են մասնակցության չափանիշները, ինչը նախագահական մրցավազքի առաջատարներին թույլ է տվել իրենց ընտրողների ուշադրությունը հրավիրել իրենց ծրագրերի վրա: